Երևանում որքան էլ ծաղիկ կամ ալբիցիա տնկենք, այն մեզ փոշուց չի փրկելու․ Ռուբեն Պետրոսյան
Հասարակություն
13:25 12/04/2025
Հայաստան

Երևանում որքան էլ ծաղիկ կամ ալբիցիա տնկենք, այն մեզ փոշուց չի փրկելու․ Ռուբեն Պետրոսյան

Երևանի  քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին տարիներին Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են ավելի քան 48 հեկտարով։ Տարեց տարի թվային առումով դրական տեղաշարժ է, սակայն որքանո՞վ է այն լուծում Երևանի օդի աղտոտվածության խնդիրը։

Մասնագետներն այն համոզմանն են, որ Երևանի փոշու և քամու դեմ հնարավոր է պայքարել, եթե  վերականգնվեն շուրջ երեք տասնամյակ առաջ եղած անտառածածկ տարածքները՝ Նորքի, Արզնու և մյուս գոտիները։ Այս  մասին «Էկոլուր» ՀԿ-ում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեց Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) փորձագետ, անտառային ոլորտի մասնագետ Ռուբեն Պետրոսյանը։

«Ինչքան էլ մենք քաղաքի ներսը կանաչապատենք , այն մեզ փոշուց չի փրկելու։ Կհիշեք՝ մենք ունեինք «տրի կոլցա», կանաչ 3 գոտի՝  Արզնի 3-րդը, Էրեբունի, Նորքը։ Այսինքն՝ դուք պետք է  ձեր վերադասներին հասկացնեք, որ այս տարածքների վերականգնումը պետք է առաջնային մեծ  ծրագիր  դառնա։  Մենք չպետք է նայենք, թե այդ հողերն ում ենթանկայության տակ են հիմա՝ «Հայանտառի», թե այլ, պետք է  պետական  որոշում լինի»,- ասաց Պետրոսյանը՝ դիմելով քաղաքապետարանի ներկայացուցիչներին։

«Էկոլուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանն ընդհատեց ՝ նշելով, որ այդ տարածքների զգալի մասը սեփականաշնորհված և կառուցապատված են․ ինչպե՞ս պետք է այդ ծրագիրն իրականանա։ Պետրոսյանն արձագանքեց․ « Բավականին մասը նույն Նոր Նորքում սեփականաշնորված է ու դեռ ոչինչ արված չէ։ Դրա համար եմ ասում՝ պետական մոտեցում  եթե չլինի, ո՛չ ՀՈԱԿ-ը , ո՛չ էլ՝ ՊՈԱԿ-ը չեն կարող դա անել։ Իհարկե՝ սա մեծ գումարներ է պահանջում, բայց պետք է հասկանանք՝ եթե այդ ծրագիրը չիրականացրեցինք, որքան էլ ծաղիկ , ալբիցիա կամ այլ բան տնկենք, մեզ այն չի օգնելու, միայն էսթետիկ տեսքն է ապահովելու»։

Մասնագետն առաջարկեց նաև Աջափնյակ համայնքում առկա  քարքրոտ հողերը ծառապատել։

«Քաղաքում այդքան շինարարություն է գնում, դրանք էլ, իհարկե, նպաստում են փոշով աղտոտվածությանը, բայց հիմնական փոշին գալիս է դրսից՝ հարավ-արևմուտքից ։ «16 կվարտալի» մոտ  քարքարոտ հողեր կան, դրանք պետք է ծածկել , էդ մասը գոնե  փակել։ Սա ես անվանում եմ՝ փոքր ֆիզկուլտուրա։ Սովետի ժամանակ Երևանում այսքան փոշի չկար,ինչո՞ւ,  որովետև իմ նշած այդ եթեք գոտիները կային։ Բացի դրանից, այդ կանաչապատ տարածքները կարող են դառնալ հանգստի գոտիներ։ Մարդիկ չեն կարողանում Սևան  կամ Ծաղկաձոր գնալ, հանգստանալ, հենց Երևանում կարելի է դա կազմակերպել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է էտման գործընթացին, որն իրականացվում է մայրաքաղաքում, ապա Պետրոսյանի խոսքով՝ ծառերը գրագետ պետք է էտվեն փոքր հասակից։

«Շատերդ եղել եք Գերմանիայում ու այլ երկրներում, տեսե՞լ եք չէ՝ որքան գեղեցիկ են ձևավորված ծառերը, համանման։  Ծառերը ձևավորում են փոքրուց, չեն թողնում  մեծանա հասնի  մինչև 5-րդ հարկ, որ  քաղաքացիներին անհանգստություն պատճառի ։ Այսինքն՝ այն տեսակները, որոնք հիմա են տնկվում, պետք է ձևավորվեն այս տարիքից։ Սովետի ժամանակ էս մշակույթը չկար, բայց հիմա պետք է մտցնել , որ ծառերը ծուռ-մուռ տեքս չունենան, նայելիս՝  հաճույք ստանաս։ Այդ կուլտուրան պետք է հիմա գոնե  մտցնել, որ հաջորդ սերունդները տեսնեն»,- ասաց Պետրոսյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում որքան էլ ծաղիկ կամ ալբիցիա տնկենք, այն մեզ փոշուց չի փրկելու․ Ռուբեն Պետրոսյան